«Ամուլսարի շահագործման մասին խոսք անգամ լինել չի կարող». «Փա... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Բազմաթիվ են երկրները, որտեղ տեղական ինքնակառավարման մարմինը... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Նաիրա Զոհրաբյան. «Հանրապետականները բարոյաֆինանսաիշխանական փ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Փաստաբաններին զանգահարողները Հրայր Թովմասյանի շրջապատի՞ց են.... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Գրիգոր Մինասյան. «Չի կարելի երկրում բոլոր հարցերը շարունակաբ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 24.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Արմավիրում մասնակցել է «Օլիմպ սպորտ» մարզահամալիրի բացմանը ԿԸՀ-ն նիստ կգումարի և կքննարկի Ալեն Սիմոնյանին ավագանու մանդատից զրկելու արձանագրությունը Երբեմնի «թունդ» քաղտեխնոլոգները հոգեվարքի մեջ են... Բուհերը հակասում են իրար. երիտասարդական հիմնադրամի պարտադրանքն ու հետ վերադարձվող տոկոսները Ամենօրյա աշխատանքներ՝ Երևանի արտաքին լուսավորության ցանցում Մեղադրանք է առաջադրվել Կ.Ուլնեցի փողոցում խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երեւանում եւ հին մարզերում Վթարային ջրանջատում Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում Արմեն Աշոտյանին արդեն դիմել են. «Փաստ» Վաճառել է հինը ու գնել երկու անգամ ավելի թանկ մեքենա. «Փաստ» Դադարեցնել քաղաքացիական անհնազանդության բոլոր գործողությունները. Փաշինյան. «Փաստ» Մի շարք խախտումների համար այլևս չեք տուգանվի, որոշ արագաչափերի գործունեությունը կդադարեցվի. «Փաստ» Օդանավակայանում գումարներ գանձելու լուրջ խողովակ է գործել. «Փաստ» «Հների» մնալը կարող է ծանր հետևանքներ ունենալ. «Փաստ» Ինչպե՞ս չդառնալ վիշապ, որի դեմ պայքարում ես. «Փաստ» «Ամուլսարի շահագործման մասին խոսք անգամ լինել չի կարող». «Փաստ» «Բազմաթիվ են երկրները, որտեղ տեղական ինքնակառավարման մարմինը ղեկավարվում է ընդդիմության կողմից». «Փաստ» Նաիրա Զոհրաբյան. «Հանրապետականները բարոյաֆինանսաիշխանական փաթեթային ճգնաժամի մեջ են». «Փաստ» Լուրջ բարդություններ վարչապետի համար՝ «երկրորդ էշելոն» ձևավորելիս. «Փաստ» Մխիթարյանը՝ «Արսենալ»-ի նոր գլխավոր մարզչի մասին

Լևոն Տեր-Պետրոսյան. Պետականությանն սպառնացող վտանգավոր իրավիճակ

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հոդված է հրապարակել ilur.am կայքում՝ անդրադառնալով պետականությանն սպառնացող վտանգավոր իրավիճակներին: Past.am-ը ներկայացնում է հոդվածն ամբողջությամբ.

«Ցանկացած հեղափոխության համար ամենակարևոր փորձաշրջանը նրա հաղթանակին անմիջապես հաջորդող ժամանակամիջոցն է: Այդ շրջանում է, որ, հաղթանակից ոգևորված, միաձույլ շարժման ակտիվիստներն սկսում են ինքնագործունեություն դրսևորել և փորձում նույն հեղափոխական մեթոդներով լուծել տարիներով կուտակված բազմաթիվ լոկալ խնդիրներ: Ահա այս երևույթն է, որի ականատեսն ենք այսօր: Հանրապետության համարյա ողջ տարածքում տեղի են ունենում, թեև իրենց պահանջներում միանգամայն արդարացի, բայց հեղափոխական կենտրոնի կողմից չկարգավորվող բողոքի ցույցեր` Արարատի ցեմենտի և ոսկու գործարանների, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի և «Նաիրիտի» աշխատակիցների, կաթի արտադրությամբ զբաղվողների, տաքսիստների, ավտոներկրողների, «Սասնա ծռերի» կողմնակիցների, բարձրագույն ուսումնական հաստատություններում ծագած խնդիրներով շահագրգիռ անձանց, ինչպես նաև դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների, Երևանի քաղաքապետարանի և թաղապետարանների գործունեությունից դժգոհ քաղաքացիների, Սևանում եկեղեցական ամառանոցի հողերի պատկանելության դեմ բողոքողների, զինկոմիսարիատի ծառայողների, և այլն:

Կրկնում եմ` այդ բոլոր միջոցառումներն էլ, նրանց առաջ քաշած պահանջներն էլ, քիչ բացառություններով, միանգամայն արդարացի են: Այդ հարցերը վաղուց պետք է լուծված լինեին: Եվ եթե մինչև հիմա դրանք բացահայտ չեն արտահայտվել, ապա միայն ռեժիմի դաժան հակազդեցության, ուժային կառույցների բռնությունների, քրեական տարրերի ահաբեկումների, աշխատանքը և բիզնեսը կորցնելու վախից: Այսօր վախերը վերացել են, և մարդիկ փորձում են այդ խնդիրները լուծել Փաշինյանի կուռ, կարգապահ, առաջնորդի հրահանգները հստակորեն կատարող շարժման մեթոդով:

Բայց հաշվի չի առնվում մի կարևորագույն հանգամանք. Փաշինյանն այսօր Հայաստանի վարչապետն է, պետության գլուխը (Հանրապետության նախագահը պետության գլուխն է- Սահմանադրություն, հոդված 123, կետ 1 - խմբ.), որի կարևորագույն պարտավորությունը պետական մարմինների բնականոն գործունեության ապահովումն է: Ուստի, թեկուզ անկեղծ մղումներով, այդ ինքնագործ ցույցերն ու մանավանդ շենքերի գրավումներն ու փողոցների փակմամբ երթևեկությունը խափանելու դեպքերը, վերջին հաշվով, թեև ոչ միտումնավոր, ուղղված են հենց Փաշինյանի դեմ: Բացառված չէ, սակայն, որ շարժման ակտիվիստների բողոքի անկեղծ և ինքնաբուխ գործողություններից բացի, որոշ նման ակցիաներ հրահրվում են նաև նախկին ռեժիմի կողմից, որը, թեև նահանջել է, բայց ամենևին չի կապիտուլացվել:

Մի քանի օր հետո, պարզ է, որ հանրապետականները հաստատելու են կառավարության ծրագիրը` երկրի կառավարման ամբողջ պատասխանատվությունը դնելով Փաշինյանի վրա և խուսափելով իրենց համար այս պահին ոչ ձեռնտու արտահերթ ընտրությունների անցկացումից: Դրանից հետո նրանք, որ դեռ շարունակում են պահպանել իրենց կուռ շարքերը, փորձելու են նման մեթոդներով և կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունները խափանելով, բացահայտ սաբոտաժով աստիճանաբար նվազեցնել նոր իշխանության հեղինակությունը և երկրում անկառավարելիության ու քաոսի վիճակ ստեղծել:

Ցանկացած պետության կայացվածության գլխավոր չափանիշը նրա կառավարելիությունն է, պետական մեքենայի անխափան գործունեությունը: Եթե երկրի կառավարելիությունը չապահովվի, ոչ մի պետություն, անգամ բարեկամ, լուրջ չի վերաբերվի այդ երկրի իշխանությանը: Հայաստանում, ահա, ստեղծված է մի բացառիկ վիճակ, երբ պետական մեքենան կարող է ուղղակի ջարդվել, երկիրը մատնելով լիակատար անկառավարելիության:

Սա ամենավտանգավոր իրավիճակն է ցանկացած պետության համար: Նույնիսկ բռնապետություններն այնքան վտանգավոր չեն, որքան երկրի անկառավարելիությունը, որովհետև բռնապետությունները ժամանակավոր են, վաղ թե ուշ վերանում են, բայց անկառավարելիությունը կարող է կործանարար լինել երկրի համար: Շատ օրինակներ չեմ ուզում բերել. մեր հասարակության համար, կարծում եմ, բավարար են 90-ականների սկզբի Վրաստանի և Ադրբեջանի իրավիճակները: Այսօր թե՛ նոր իշխանությունների, թե՛ քաղաքական ուժերի, թե՛ հասարակության գիտակից խավերի գերխնդիրը պետք է լինի երկիրը ցնցումների չենթարկելու հրամայականը և պետության կառավարելիության պահպանումը: Այս պահանջը վերաբերում է նաև հին ռեժիմի կողմնակիցներին, որոնց մեջ, հուսով եմ, ռևանշի ձգտումը վերջնականապես չի բթացրել պետական շահի զգացումը: Այս ամենը ես ասում եմ ոչ որպես տեսական դատողություններ: Նման իրավիճակում Հայոց համազգային շարժումը հայտնվել է իշխանության գալուց և խորհրդարանի ու կառավարության ղեկավարումը ստանձնելուց անմիջապես հետո` շարժման ակտիվիստների և անվերահսկելի տարրերի ինքնագործունեության պատճառով (ՀԱԲ-ի ընդվզում, Արմավիրում և Մեղրիում անվտանգության և ոստիկանության բաժանմունքների գրավում, ճնշումներ շրջանային խորհուրդների կոմունիստ ղեկավարների դեմ, հեռուստատեսության շենք թափանցելու փորձ, Երևանի քաղկոմի (ներկայիս Սահմանադրական դատարանի) շենքի բռնազավթում և այլն): Մեզ հաջողվեց շատ կարճ ժամկետում, գլխավորապես հորդորների, իսկ երբեմն օրենքի գործադրման միջոցով, կարգավորել վիճակը և ապահովել պետության լիակատար կառավարելիությունը: Դրա շնորհիվ էր, որ մենք խուսափեցինք Վրաստանին և Ադրբեջանին բաժին ընկած աղետալի զարգացումներից և արժանացանք միջազգային հանրության հավանությանն ու լիակատար աջակցությանը: Արդարությունը պահանջում է նշել, որ հետագայում, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք, Հայաստանի կառավարելիությունը ոչ միայն չսասանվեց, այլև բոլորովին ուրիշ, անընդունելի արժեքների դավանմամբ և հակաժողովրդավարական ու հակաօրինական միջոցների կիրառմամբ նույնիսկ չափից ավելի կուռ դարձավ, ինչը և հանդիսացավ այսօրվա հեղափոխության հիմնական պատճառը:

Հավաստիացնում եմ, հոդվածիս դրդապատճառը միայնումիայն սրտացավությունն է նոր կառավարության հաջողության հանդեպ: Ներկայիս համաժողովրդական շարժումը պատմական մեծ հաղթանակ է արձանագրել` տապալել է Հայաստանի 20-ամյա բռնապետությունը: Սրանով արդեն Փաշինյանն արժանի տեղ է զբաղեցրել հայոց պատմության մեջ: Ժողովրդի համար մեծագույն հիասթափություն կլինի, եթե նրան չհաջողվի պատվով դուրս գալ նաև ստեղծված այս վտանգավոր շրջափուլից` պատմության մեջ ավելի պատվավոր տեղ զբաղեցնելու համար»:

website by Sargssyan